Wednesday 27 July 2011

Մի կտոր Էքզյուպերի

Բարեկամը նա է, ով չի դատում, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը։
Եթե հյուրը պատմում է այն գյուղի վրա թափված սովի սարսափների մասին, որտեղից նա ճանապարհ է ընկել, բարեկամը նրա հետ միասին տանջվում է սովից։ Քանի որ, քեզ այդ մասին ես արդեն ասել եմ, բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև։ Եթե քո բարեկամը իսկական է, ու այն ամենը, ինչ նա ասում է, ճշմարտություն է, նա քեզ սիրում է նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշ տանը նա քեզ ատում է։ Եկեղեցում իմ բարեկամը նա է, ում հետ, աստծո ողորմածությամբ, ես հանդիպում եմ, այդ նա է, ով դեպի ինձ այն դեմքն է ուղղում, ինչպիսին որ իմն է՝ նույն Աստծով լուսավորված, այսպիսով մեր միությունը կայացել է, նույնիսկ եթե եկեղեցու պատերից այն կողմ նա վաճառական է, իսկ ես նավապետ, նա այգեգործ է, իսկ ես՝ ծովագնաց...