Tuesday, 30 August 2011

ԿՏԱԿԻՆ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՏԱԿԸ

Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թէ արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:

Wednesday, 3 August 2011

Փրկող բանտ?

Հայկական լեռնաշխարհի շատ լեռներին նմանվող այս գեղատեսիլ լեռը, որ կարող էր ցանկացած գինեգործական կամ մեզանում տարածված լեռնային մաքուր ջրի գովազդի մաս դառնալ, բավական տխուր անուն ունի՝ "հրաբուխ-մարդասպան": 1902թ. մայիսի 8-ին նկարի մեջ լեռան գագաթին հանգստացող ամպիկ թվացող մասից թնդանոթի պես չորս հզոր պայթյունով ժայթքեց հրաբուխը: Մոն Պելե կամ Մոնտ Պելե (Mount Pelée)կոչվող այս լեռն այդ օրվանից վաստակեց իր տխուր՝ "մարդասպան" անունը, քանի որ հրաբխի լավան իր տակ առավ 8կմ. հեռավորության վրա գտնվող Սան Պիեռ քաղաքն իր 30 հազար բնակչությամբ:"Մերօրյա Պոմպեյ",-կասեին շատերը: Բայց հետաքրքիր մի փաստ կա՝ այս ամբողջ ողբերգական իրադարձության միակ "լուսավոր" կետը: 30 հազար բնակչությունից փրկվեց մեկը՝ Լյուդգար Սիլվարեսը: Եռացող գոլորշու, փոշու ու լավայի հսկա զանգվածը, որի ջերմությունը հասնում էր 700-980 աստիճանի և կարող էր հալեցնել անգամ ապակին, չէր վնասել քաղաքում գտնվող այդ մարդուն, որովհետև նա քաղաքի միակ.... բանտարկյալն էր: Բանտի հաստ ու ամուր պատերը փրկել էին Սիլվարեսին:

Հիմա դառնանք մեզ: Չնայած մեր սրտին՝ մեր երկիրը փոքր է: Ժամանակակից աշխարհի հրաբուխները հաճախ իրենց "լավաների" տակ են թողնում, հալեցնում և ձուլում իրենց հետ արժեքներ, ավանդույթներ, անգամ ազգեր: Գուցե շատերի համար ավանդապահությունը, դարերով փոխանցված սովորույթներն ու ավանդույթները "բեռ", "գերություն", "շղթա" կոչվեն, սակայն հստակ մի բան կա. մենք պետք է գիտենանք, թե որտեղից ենք գալիս, որպեսզի կարողանանք հստակեցնել, թե ուր ենք գնում և որ ավելի կարևոր է՝ ուր ենք ուզում գնալ: Միայն պետք է նախանձախնդրություն ունենանք՝ դարերով փոխանցվածը բյուրեղացնելու, մաքրելու, զտելու այն ավելորդություններից, հնարված ու կպցված հոռի սովորույթներից, որոնք իրական շղթայման, բանտի կարող են վերածել այն ամենը, ինչ կոչվում է հայկական, ազգային, քրիստոնեական, բարոյական: Ցանկացած մարդու մեջ ազատության բնական ձգտում կա: Մենք բանական արարածներ ենք, ուստի ֆիզիկական ազատությունից առավել պետք է գերադասենք ներքին, հոգևոր, բարոյական, մարդուն ՄԱՐԴ դարձնող ազատությունը, չէ որ "հոգին առավել է, քան մարմինը":

Հիմա դժվար ժամանակներ են: Շատերի համար սեփական երկիրը, քաղաքը, մարդիկ իրենց շրջապատող մեծ "բանտի" մաս են կազմում, և ըստ այս տրամաբանության՝ սրանից ազատվելու լավագույն կերպը հեռացումն է, ինքնակամ հալումը մեծ համահավասարում-հրաբխի մեջ, կամավոր ձուլումն օտար լավաների մեջ:
Ու ակամա հիշում եմ պարսիկ մտածողներից մեկին. "Ամենադաժան բանտերը պատեր չունեցող բանտերն են":

Աշխարհը գեղեցիկ է իր բազմազանությամբ: Մեր առաքելության մեջ է մտնում նաև մեր տեսակը պահելը՝ փոխանցելու համար նրանց, ովքեր գալու են մեզանից հետո:

Wednesday, 27 July 2011

Մի կտոր Էքզյուպերի

Բարեկամը նա է, ով չի դատում, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը։
Եթե հյուրը պատմում է այն գյուղի վրա թափված սովի սարսափների մասին, որտեղից նա ճանապարհ է ընկել, բարեկամը նրա հետ միասին տանջվում է սովից։ Քանի որ, քեզ այդ մասին ես արդեն ասել եմ, բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև։ Եթե քո բարեկամը իսկական է, ու այն ամենը, ինչ նա ասում է, ճշմարտություն է, նա քեզ սիրում է նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշ տանը նա քեզ ատում է։ Եկեղեցում իմ բարեկամը նա է, ում հետ, աստծո ողորմածությամբ, ես հանդիպում եմ, այդ նա է, ով դեպի ինձ այն դեմքն է ուղղում, ինչպիսին որ իմն է՝ նույն Աստծով լուսավորված, այսպիսով մեր միությունը կայացել է, նույնիսկ եթե եկեղեցու պատերից այն կողմ նա վաճառական է, իսկ ես նավապետ, նա այգեգործ է, իսկ ես՝ ծովագնաց...

Wednesday, 25 May 2011

ԲԱՐԵՎ

  Վերջերս շատ են տարբեր որակումները հասարակության բարոյական արժեհամակարգի անկման վերաբերյալ: Բարոյականության լուրջ նահանջ կա գրեթե բոլոր ասպարեզներում՝ կրթություն, առողջապահություն, գիտություն, իրավական ոլորտ... շարքը կերկարի:
    Ամենացավալին այն է, որ մեր հասարակության գերակշիռ մասը շատ լավ հասկանում, գիտակցում ու դրա արդյունքում նաև տառապում է՝ վկան լինելով բոլոր շերտերում առկա կեղծիքի, ստի, շողոքորթության, կաշառակերության... (շարքն էլի կերկարի): 
       Իսկ անհեթեթն այն է, որ  խորքային ու վերջնական հաշվարկով համարյա ոչ ոք չի շահում՝ կաշառք վերցնող դասախոսն ստիպված է նույն "վերբերմունքը ցույց տալ"  ոստիկանին, բժշկին, մի ուրիշ դասախոսի ևն:
    
       Կոչեր շատ են հնչում՝ համախմբվել, միանալ, պայքարել, հաղթել...

    Իմ կոչը մի փոքր այլ է՝ համախմբվել, միանալ, պայքարել, հաղթել... նույնը էլի, բայց այդ ամենը՝ սկսած սեփական ես-ի դեմ, մաքրվել առաջին հերթին ներսից՝ մտքով,  հոգով, սրտով, գաղափարներով, ձգտումներով, ուրիշների նկատմամբ վերաբերմունքով՝ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՎ:

      Լավագույն կոչն առանց գոչյունների է՝ անխոս, ՍԵՓԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ: